Բժշկական դիմակների արտադրությունը Եղեգնաձորում


Հայաստանում և աշխարհում ստեղծված իրադրությանը համապատասխան՝ Վայոց ձորի թեմը և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ն վերջին շաբաթներին աշխատում են արտակարգ ռեժիմով։

Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի և Վայոց ձորի մարզպետ Ա․Գրիգորյանի այցը կարի արտադրամաս

Վայոց ձորի թեմի և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատանքային խումբը ուշի ուշով հետևում է իրավիճակին՝ ժամանակին համապատասխան թիրախային օժանդակություն ցուցաբերելու համար։

Դերձակներ՝ Կարապետյան Կարինե, Ալեքսանյան Մարինե, Ստեփանյան Էլլա, Սահակյան Նեռա

Վերջին նախաձեռնությունը Եղեգնաձորում, «Գիտելիք» համալսարանի շենքի տարածքում բժշկական դիմակների արտադրամասի ստեղծումն էր։

«Սյունիք-Զարգացում» ՀԿ-ի աշխատակիցներ

Ընդամենը մի քանի օրվա օրուգիշեր աշխատանքի արդյունքում ձեռք բերվեց անհրաժեշտ ամեն ինչ՝ տարբեր տեսակի գործողությունների համար անհրաժեշտ կարի մեքենաներ, մինչև մոտ 50,000 դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ հումք, առանձնացվեց և կահավորվեց ուլտրամանուշակագույն ճառագայթներով վերջնական արտադրանքի ամբողջական ախտահանման (ստերիլիզացման) սենյակ և այլն։

Պահեստավորված անհրաժեշտ պարագաներով սենյակ

Առաջնահերթության կարգով նախ կապահովվեն Եղեգնաձորի և Վայքի հիվանդանոցները, առողջական խնդիրներ ունեցող և բժիշկների խորհրդով ինքնամեկուսացված սոցիալապես անապահով անձինք, այլ կառույցների ու կազմակերպությունների աշխատոողներ և ծառայողներ։

Ուլտրամանուշակագույն սարքով ստերիլիզացված սենյակ

Սիրելի վայոցձորցիներ, վստահ ենք, որ ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելք գտնելու համար կարևոր է անձնական պատասխանատվության բարձր գիտակցությունն ու միմյանց հանդեպ հոգատարությունը, պատկան մարմինների՝ իրավիճակից բխող հրահանգների ու հրամանների կատարումը։

Յուրաքանչյուրս վերցնենք պատասխանատվության մեր բաժինը և հաղթահարենք ստեղծված իրավիճակը։
Եվ Աստված մեզ օգնական։

Աղբյուր՝ «Սյունիք-Զարգացում» ՀԿ