Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:

«Դու ես Քրիստոս․ կեանք եւ յարութիւն ազգի մարդկան»
(Շարական)

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Քրիստոսի Հրաշափառ Հարությունը մեր Սուրբ Եկեղեցու երանաշնորհ հայրերը սքանչելի օրհներգությամբ են փառաբանել գեղեցկահյուս աղոթքներում ու շարականներում՝ բերելով մեր ժողովրդին կյանքի անսպառ հույսի և փրկության ավետիսը. «Դու ես, Քրիստոս, մարդկային ազգի կյանքն ու հարությունը»։

Մեր Տեր Հիսուս Քրիստոս Իր երկրային կյանքի ընթացքում բազում անգամներ հայտնեց Իր չարչարանքների և Հարության մասին, որի իմաստը նույնիսկ առաքյալները հստակությամբ չէին ըմբռնում։ Քրիստոսի խաչելությունից հետո նրանք հուսահատ փակվել էին վերնատան մեջ և տարակուսում էին հավատալ Փրկչի Հարության մասին յուղաբեր կանանց ավետիսին։ Սակայն Հարուցյալ Քրիստոսի հետ հանդիպումից հետո տխրությունը վերափոխվեց Տիրոջ հետ միասնության երանության։ Տիրոջ խաչելության և մահվան հարուցած ցավը փոխակերպվեց Փրկչի հաղթության բերկրանքի, վշտի մռայլ գիշերը՝ հարության տիեզերանորոգ արշալույսի։ Եվ քրիստոնեության լույսն ու վարդապետությունը հաղթականորեն տարածվեցին ողջ աշխարհում՝ մարդկության կյանքն ուղղորդելով դեպի փրկություն ու հավիտենություն։

Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսը առանձնակի հուսառատությամբ ու մխիթարությամբ է արձագանքում մտահոգիչ մեր ժամանակներում, երբ մարդկությունը կրում է վիշտ ու տառապանք, զրկանք ու կորուստներ, վերապրում համընդհանուր տագնապ ու ճգնաժամ։ Այս տարվա զատկական կենսանորոգ տոնակատարությունը ողջ աշխարհում բազում հավատացյալներ անցկացնում են մեկուսի, շատեր՝ հեռու իրենց սիրելիներից ու մտերիմներից։ Համավարակի ներկա բարդ պայմաններում նաև մեր եկեղեցիներում առանց հավատացյալների ենք կատարում սրբազան արարողությունները, բայց վստահ ենք, որ դուք, սիրելիներ, հոգով, մտքով ու ձեր աղոթքներով մեզ հետ եք, և միասնաբար ու միասիրտ ենք նշում սքանչելախորհուրդ այս տոնը։ Քրիստոսի Հարությունը մարդկային գոյության նորոգումն է և հավիտենության պարգևը բոլորիս։ «Ես եկա, որպեսզի կյանք ունենան և առավել ևս ունենան»,- ասում է Տերը (Հովհ․ 10․10): Քրիստոսի պարգևած կյանքը մեր առօրեական դժվարություններից ու հոգսերից վեր նոր իրականություն է, ուր Աստծո կամքն է տնօրինվում, ուր Տիրոջ պատվիրաններն ու պատգամները արդյունավորվում են երկնահաճո իրագործումներով, և կյանքի խավարը վերածվում է այգաբացի։

Կարդալ ավելին

Սուրբ Հարության/Զատկի տոն


«Ո՞ւր է մահ, քո հաղթությունը,

գերեզման, ո՞ւր է քո խայթոցը»:

Ովսեի մարգարեության այս ցնծագին բառերը ազդարարում են մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Ճրագալույցի Պատարագով՝ մեծ ցնծությամբ ավետում է մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Իսկ ինչ է ճրագալույցը: Հայ Առաքելական Սբ. Եկեղեցու 2 մեծագույն՝ Տիրոջ Ծննդյան եւ Հարության տոների նախօրեին, երեկոյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որը կոչվում է Ճրագալույցի Պատարագ: Իսկ ճրագալույց բաոը նշանակում է ճրագ լցնել, վաոել: Հնում, մեծագույն տոների նախօրեին, ավելի հանդիսավոր նշելու համար տոնը, եկեղեցին առավել էր զարդարված լինում լույսերով, ճրագներով, հավատացյալները լույսերով էին դիմավորում Տիրոջ հրաշափառ ծնունդն ու հարությունը:

40-օրյա աղոթքի, խոկման եւ պահեցողության երկար ճանապարհը մեզ աոաջնորդեց դեպի Քրիստոսի Հարության լույսը, ինչպես ձմեռային ցուրտ եւ մութ օրերին հաջորդում է գարնանային բնության վերազարթոնքը: Ողջ քրիստոնյա աշխարհի համար մեծագույն տոն է Տիրոջ Հարության տոնը, որ նոր կյանքի ու օրերի հույսով է վերանորոգում յուրաքանչյուրիս հոգին: Հույս, որ ջնջում է մեր մեջ տկար մտածողության պատճառով ի հայտ եկած ամեն կասկած, ամեն շփոթմունք եւ պայծառակերպում է մեր սրտերում երկնային արքայության իրականանալի գաղափարը: Այստեղ տեղին է հիշատակել Օգոստիոնոսի եւ Պողոս առաքյալի խոսքերը.
Օգոստիոնոս.  «Միայն քրիստոնյաներն  են  հավատում  մեռելներից  հարություն  առնելուն,  այդ հավատը  քրիստոնյային…  զատում է  մյուս բոլոր  մարդկանցից…»:  Պողոս առաքյալ.  «Տանջանքը  ոչինչ է  այն երանության հետ,  որ մեզ պետք է հայտնվի»:

Կարդալ ավելին