Վայոց ձորի թեմը սահմանապահ Խաչիկ բնակավայրին տրամադրեց 3 տ գարու սերմացու


Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ բնակավայրին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմը տրամադրեց 3 տ գարու սերմացու: Խաչիկցիներին գարու սերմացուի տրամադրումը Վայոց ձորի մարզում կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված հերթական թիրախային օժանդակությունն է, որն իրականացվում է թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ:
Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը տեղեկացրեց, որ գարու սերմացուն ձեռք է բերվել Վայոց ձորի թեմի «Սյունիք-զարգացում» և <Շէն> հասարակական կազմակերպությունների կողմից, բաշխումն իրականացվում է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ համագործակցությամբ:

Կորոնավիրուսի հետևանքները մեղմելուն ուղղված արդեն երրորդ թիրախային օժանդակությունն է իրականացվում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի համագործակցությամբ:

 Մեր այցի պահին «Գիտելիք» համալսարանի հարակից շենքի առաջին հարկի սենյակներում պահեստավորվում էր նաև շուրջ 3 տ կարտոֆիլի սերմացու, որը նույնպես տրամադրվելու է Վայոց ձորի մարզի համայնքներին:
Նշենք, որ գարու և կարտոֆիլի սերմացուն Գեղարքունիքի մարզի բնակիչներ Լևոն Ավետիսյանը և Անդրանիկ Գորոյանն էին Վարդենիսից տեղափոխել Եղեգնաձոր: Վարդենիսցի երիտասարդները տեղեկանալով, որ գարու սերմացուն նախատեսվում է տրամադրել սահմանապահ Խաչիկ բնակավայրին, սիրով այն Խաչիկ հասցնելու ցանկություն հայտնեցին, որի համար արժանացան թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի բարձր գնահատանքին:

Աղբյուր՝ Վայոց ձորի մարզպետարան