Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանի քարոզը՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին


«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են

սպանում,բայց հոգին սպանելչեն կարող»:

(Մատթ. 10:28)

Ավետարանական այս պատգամը թող խորհուրդը լինի այսօրվա՝ Ապրիլի 24-ի, հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա: Այսօր, նահատակաց հիշա­տակի ոգեկոչման այս սրբազան պահին, ազգովի խոնարհվենք նրանց անշիջելի հիշատակի առջեւ, տխրության ողբն ու աղաղակը վերափոխենք մխիթարու­թյան, որովհետեւ մեռան նրանց մարմինները, իսկ հոգիներն ապրում են հավեր­ժության մեջ: Այդ հոգիներն այսօր էլ մեզ հետ են, մեր մեջ, մեր կողքին: Եվ  չմոռանանք երբեք՝ «Արիւն մարտիրոսաց, սերմն քրիստոնեից»:

Ովքե՞ր էին նրանք, 1915-ի ցեղասպանության զոհերը: Նրանք մեր դրախ­տային պատմական հայրենիքում ապրող հայերն էին, որոնց երազները նման էին ապրիլյան ծաղկած այն ծառին, որն այդպես էլ, ծաղիկներով հանդերձված, այր­վեց: Նրանք հայրենիք ունեին, ուր ինչպես վաղամեռիկ բանաստեղծն էր երգում «Հոգիներուն կիջներ երազ մը բուրյան», ունեին օջախ, ունեին երգ՝ կոմիտասյան անլռելի երգ, որի ելեւէջներում իրենց շիտակ ու աստվածավախ կյանքի հմայքը կար: Նրանք՝ պարզ շինական, թե մտավորական, ապրում էին արարելով, վաս­տակելով հացն իրենց հանապազօր, մեկն իր ցորնաբույր ձեռքերի զորությամբ, մյուսն իր մտքի ուժով: Բայց այդ ժողովրդին վիճակված էր խաչի մի երկար ճա­նապարհ: Նրա կյանքի ուղին նման էր իր Տիրոջ կյանքին, եւ նա քայլեց այդ ուղիով դեպի Գողգոթա: Այն տեղահանությունների, սովի, ցավի, տառապանքի եւ վերջապես զոհաբերության ճանապարհն էր, զոհաբերության՝ «վասն հաւատոյ, վասն հայրենեաց»: Դա այն ճանապարհն էր, որով քայլեցին մեր աստվածասեր ու հայրենասեր նախնիները՝ ապավինելով հոգու անմահության ճշմարիտ գաղափարին: Վկայակոչենք Վարդանանց, որոնց նահատակությունը նրանց դեպի անմահության աոաջնորդեց: Հեշենք, թե ինչպես Վարդան՝ սրբացած զորավարն հայոց, Ավարայրի ճակատամարտից առաջ դիմեց հայ ժողովրդին, ասելով, որ մենք, թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց երկնքում է մեր հոգին, ուր ոչ ոք չի կարող մերձենալ Քրիստոսի անձեռակերտ այդ շինվածքին: Նա պատգամեց հաստատուն լինել մեր ամենավստահելի Զորագլխի հավատքի մեջ, որ բնավ չպիտի մոռանա նահատակվողներին:

Կարդալ ավելին