Աշխարհամատրան Կանաչ կիրակին՝ Նորավանքի ուխտի օր


1999թվականի ապրիլի 19-ին՝ Կանաչ կիրակիի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս և Ծայրագույն Պատրիարքի ձեռամբ օծվեց և վերաբացվեց Նորավանքի համալիրը և այդ հիշարժան օրվանից սկսած՝ Կանաչ կիրակին դարձավ Նորավանքի ուխտի օր:

Նորավանքի վանական համալիրի և շրջակայքի վերակառուցման աշխատանքներն իրագործվեց այն ժամանակ Սյունյաց թեմի առաջնորդ, այժմ՝ Վայոց ձորի թեմի առաջնորդ Տ.  Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի ամենօրյա աշխատանքի ու համառ ջանքերի շնորհիվ:

Հայկական ճարտարապետության այս գոհարի վերականգնմանը, շրջակայքի կառույցների 1999թ.-ի վերանորոգման և համալիրի կառուցման բարերարներն են Կանադայի Մոնթրեալ քաղաքի բնակիչներ տիար Տիգրան և տիկին Դիանա Հաճեթյանները, իսկ վերանորոգման նախագծի հեղինակն էր ճարտարապետ պրն. Հրաչյա Գասպարյանը:

Ապրիլի 26-ին Նորավանքում Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց թեմի փոխառաջնորդ և Նորավանքի վանահայր Տեր Զարեհ վրդ. Կաբաղյանը, ով հավուր պատշաճի քարոզ խոսեց, որը կարող եք կարդալ այստեղ:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Անդաստանի կարգ:

Այնուհետև հոգեհանգստյան կարգ կատարվեց բարերար տիար Տիգրան Հաճեթյանի շիրմին:

Հիշեցնենք, որ ամեն տարի Նորավանքի ուխտի օրը, բարերար տիկին Դիանա Հաճեթյանի նախաձեռնությամբ էր համամարզային մեծահանդես տոնախմբություն և սիրո ճաշ կազմակերպվում:

Այս տարի համաճարակի պատճառով այդ միջոցառումները չեղարկվեցին, սակայն տոնի կապակցությամբ Առաջնորդ Սրբազան Հոր օրհնությամբ և բարերարուհու օժանդակությամբ, 50-ից ավելի կարիքավոր ընտանիքների բաժանվեցին սննդի ծանրոցներ:

Թող Ամենակալ Աստված օրհնի մեր ազգը, մեր հայրենիքն ու Սուրբ Եկեղեցին մեր, ժողովրդի բարի իղձերն իրականացնի, ուխտն ի կատար ածի, և Նորավանքն էլ իր աստվածաշնորհ զորությամբ օգնական ու պահապան թող լինի բոլորին. ամեն: