Հունիսի 14-ը՝ տոն Կաթողիկե Սուրբ Էջմիածնի


Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: 

Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:

Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր տեսիլքը պատմում է հայոց Տրդատ թագավորին: Արքայի հովանավորությամբ կառուցվում է Սբ. Էջմիածնի Աստվածածնին նվիրված Կաթողիկե Մայր Տաճարը:

Քրիստոսի իջման տեղում էլ կառուցվում է Իջման Սբ. Սեղանը: Էջմիածնի կառուցման աշխատանքներին ժողովրդի հետ մասնակցել են նաեւ Տրդատ թագավորը եւ Աշխեն թագուհին: Ըստ Մաղաքիա պատրիարք Օրմանյանի Ծիսական բառարանի՝ «կաթողիկե» նշանակում է աթոռանիստ մայր եկեղեցի, եւ այս անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր Տաճարին: Սակայն մեկ այլ իմաստով կաթողիկե են անվանել գմբեթ ունեցող բոլոր եկեղեցիներն ընդհանրապես, իսկ աստվածաբանության մեջ այդ անվանումը համարվում է եկեղեցու ընդհանրականության խորհրդապատկերը: Այս երեք իմաստներն էլ համապատասխանում են Էջմիածնի Մայր Տաճարին, քանի որ այն աթոռանիստ եկեղեցի է, գմբեթավոր եւ ընդհանրական է բոլոր հավատացյալների համար:

Կաթողիկե Սբ. Էջմիածնի տոնը նշվում է Սբ. Զատիկից 64 օր հետո կամ Հոգեգալստյան կիրակիին հաջորդող երկրորդ կիրակին: Տոնի օրը մատուցվում է Սբ. Պատարագ, իսկ ժամերգությունների ընթացքում այլ շարականների հետ երգվում է նաեւ նշանավոր «Էջ Միածինն ի Հօրէ» շարականը, որը գրել է 8-րդ դարի կաթողիկոս Սահակ Ձորափորեցին: Շարականը Գրիգոր Լուսավորչի տեսիլքի եւ տաճարի կառուցման մասին է:

Այսօր Սուրբ Գայանյանց կույսերի հիշատակության օրն է


Այս տարի հունիսի 9-ը  Էջմիածնի  Սուրբ Գայանե  վանքի  ուխտի օրն է:

Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս.Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին:

Կայսրը ցանկանում է կնության առնել շատ գեղեցիկ կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան:

Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

 Գայանեին չարչարել են ու գլխատել: Նրա մարմինը Ս.Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքով: Հետագայում հենց այդ վկայարանների տեղում Էջմիածնում կառուցվում են  Սբ.  Հռիփսիմե, Սբ.  Գայանե   և  Սբ. Շողակաթ  եկեղեցիները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ. Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Սբ. Գրիգոր Լուսավորչի՝ վիրապից ելքի տոնի նախընթաց երկուշաբթի և երեքշաբթի օրերին

Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օր


Այս տարի հունիսի 8-ը Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե վանքի ուխտի օրն է:
Ազնվազարմ Հռիփսիմեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, որ Գայանե մայրապետի հետ ապրել է Դիոկղետիանոս կայսեր օրոք (284-305թթ.) Հռոմի լեռներում գտնվող Ս. Պողոս վանքում:

Հրաշագեղ կույսն իր շլացուցիչ գեղեցկությամբ գերում է կայսրին, որն անհապաղ կամենում է կնության առնել նրան: Բարեպաշտ կույսերը, չկամենալով ենթարկվել կայսեր ցանկությանը, իրենց մայրապետի առաջնորդությամբ փախչում են Ալեքսանդրիա: Ավանդույթի համաձայն՝ տեսիլքով նրանց երևում է Սբ. Աստվածածինը և պատվիրում մեկնել Արարատյան երկիր` Հայաստան: Կույսերը գալիս են Վաղարշապատ: Ճանապարհին, Վարագա լեռան մոտով անցնելիս, Հռիփսիմեն Սբ. խաչափայտից մի մասունք, որը ժառանգաբար էր ստացել և միշտ կրում էր իր պարանոցին, ամփոփում է հայոց հողում: Այդ մասունքը հրաշքով գտնվում է 7-րդ դարում, որից հետո Հայ Առաքելական Եկեղեցին խաչի տոների շարքում սկսում է տոնել նաև Վարագա խաչի տոնը: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին:

Վաղը Հռիփսիմյանց կույսերի հիշատակության օրն է

Նահատակ կույսերի նշխարներն ինն օր անց գտնում, հողին է հանձնում Սբ. Գրիգոր Լուսավորիչը, այնուհետև` վկայարաններ կառուցում: Հետագայում, հենց այդ վայրերում կառուցվում են Սբ. Հռիփսիմե, Սբ. Գայանե և Սբ.Շողակաթ եկեղեցիները: Կույսերի նահատակությունը շրջադարձային նշանակություն է ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ: Նրանց նահատակությունից հետո, 13-ամյա բանտարկությունից ազատ է արձակվել Սբ. Գրիգոր Լուսավորիչը, որ կոչված էր Քրիստոսի լույսը տարածելու հայոց աշխարհում:
Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Սբ.Հռիփսիմյան և Սբ. Գայանյան կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին:

Կարդալ ավելին