Ծննդոց գրքի առաջին գլուխներում նկարագրվող դեպքերի վայրը Միջագետքն է, որտեղ, ըստ ավանդության, գտնվել են Եդեմի Պարտեզը և Բաբելոնի Աշտարակը։ Վերջինս հավանաբար կառուցված է եղել զիկկուրատի կամ տաճար-աշտարակի ձևով։ Միջագետքից էր, որ Աբրահամը սկսեց իր մեծ ճանապարհորդությունը դեպի Ավետյաց Երկիր։
Աբրահամը, իսկ ավելի ուշ՝ նրա թոռը՝ Հակոբը, սովի պատճառով գնացին Եգիպտոս։ Հակոբի (կամ Իսրայելի) ժառանգները հաստատվեցին այնտեղ, բազմացան, բայց հետագայում ստրկացվեցին եգիպտացիների կողմից։ Եգիպտոսից Մովսեսի առաջնորդած նրանց փախուստի մասին պատմվում է Հին Կտակարանի Ելք գրքում։
Հաջորդ քառասուն տարիները նրանք անցկացրին Սինայի դաժան անապատում։ Այստեղ իսրայելացիները ստացան Տասը Պատվիրանները և օրենքների ամբողջական համակարգը, որոնք գրի են առնված Ելք, Ղևտական, Թվեր և Երկրորդ Օրենք գրքերում։
Ավետյաց Երկիր
Քանանի երկիրը նվաճելուց հետո իսրայելացիները գրավված տարածքը բաժանեցին իրենց ցեղերի միջև և բնակություն հաստատեցին այդտեղ։ Նրանց և հարևան ցեղերի միջև տեղի ունեցած պայքարի մասին պատմվում է Դատավորներ գրքում։
Ազգի զարգացումը նպաստեց թագավորական հարստության (դինաստիայի) հաստատմանը, որի առաջին թագավորը Սավուղն էր։ Թագավորության և նրա բաժանման մասին պատմվում է Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ և Ա, Բ Մնացորդաց գրքերում։
Երուսաղեմում առաջին տաճարը կառուցվեց Սողոմոնի թագավորության օրոք։