ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ին ԽԱՉՎԵՐԱՑԻ ՏՈՆՆ Է. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ


Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Այս տարի այն նշվելու է սեպտեմբերի 15-ին:

Խաչվերացը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց:

Տոնին նախորդող շաբաթ օրը կատարվում է եկեղեցու Նավակատիքի տոնը՝ «Տօն Սրբոյ խաչին»: Նավակատիք նշանակում է նոր կերտված, նոր կառուցված եկեղեցու հանդես և կազմված է «նավավ»` նոր և «քերթեն»՝ կերտել, կառուցել արմատներից: Եկեղեցու այս նավակատիքն էլ նվիրված է Երուսաղեմի Ս. Հարության տաճարի նավակատիքին և ընդհանրացված ձևով խորհրդանշում է ընդհանրապես եկեղեցու նավակատիքը և կատարվում է Խաչվերացին նախորդող օրը:

ԽԱՉՎԵՐԱՑ. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ

614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն, սրի քաշում ժողովրդին, մեծ թվով գերիներ տանում: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից գերեւարվում և Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը: Պարսկաստանում խաչափայտի զորությամբ շատերը դարձի են գալիս, մկրտվում և դառնում քրիստոնյա: Խաչափայտը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը քրիստոնեական մի հսկա բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Որպես պատմական վկայություն` նշենք, որ հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից: Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ:

Խաչը հանդիսավոր թափորով տարվում է Երուսաղեմ` Փոքր Ասիայի վրայով, ու բնական էր, որ այն անցնելու էր պատմական Հայաստանով: Թափորն անցնում է Կարին (Էրզրում) քաղաքով, իսկ Կարնո լեռների ստորոտներից մեկում, ուր խաչի դրված տեղից վճիտ աղբյուր է բխում, կառուցվում է Խաչավանքի եկեղեցին: Կայսրը խաչափայտը սրբությամբ երեք տարի Կ.Պոլսում պահելուց հետո անձամբ, կառքի մեջ ծնկած, այն ձեռքերում բռնած, Երուսաղեմ է տանում և իր ուսի վրա դրած Գողգոթայի գագաթը հանելով` բարձրացնում է Սուրբ Հարության վերանորոգված տաճարում` ի տես բոլոր քրիստոնյաների: Այդ ժամանակից էլ վերջնականորեն հաստատվեց և սկսվեց մեծ հանդիսավորությամբ տոնվել խաչի բարձրացման հիշատակը` Խաչվերացը:

Խաչը, ինչպես հայտնի է, հնում եղել է չարչարանքի գործիք: Երբ Հիսուս խաչվեց, այդ նույն խաչափայտը դադարեց չարչարանքի գործիք լինելուց: Խաչը դարձավ փրկության միջոց, Քրիստոսի սիրո արտահայտությունը, քանզի սիրել` նշանակում է նաև զոհաբերություն, զրկանք հանձն առնել: Սերը միայն զգացում չէ, սերը կյանք է և գործ: Եվ Քրիստոսի խաչելությունը հենց այդ սիրո արտահայտությունն է: Խաչն այսօր մեզ համար դարձել է փրկության միջոց, հարության խորհուրդ, պահպանիչ զորություն, քավության զոհասեղան, բժկության աղբյուր:

Խաչվերացի տոնը մեզ համար նախևառաջ հարությամբ նորոգվելու խորհուրդն ունի: Պատահական չէր, որ 3 խաչերը (մեկը` Քրիստոսի, 2-ը` ավազակների), մահացած մարդկանց վրա դնելով, հայտնաբերեցին Փրկչի խաչափայտը, քանի որ մահվան այդ գործիքը Քրիստոսի Սուրբ Արյունով ստացավ նորոգելու, բժշկելու և հարություն տալու զորություն: Քրիստոս, խաչի վրա մեռնելով, հաղթեց մարդկությանը սարսափեցնող մահվանը և ջախջախեց սատանայի գլուխը:

Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Խաչը դարձավ երկնքի և երկրի միջև եղած վիհը միացնող կամուրջը, «դրախտի դռները բացողն ու երկնային արքայությունը որպես ժառանգություն տվողը»: Խաչի վեր բարձրացումով սարսափահար եղավ սատանան: Խաչի բարձրացումով մեկ անգամ ևս հաստատվեց Քրիստոսի հաղթանակն ընդդեմ մահվան, դժոխքի և բոլոր նրանց, ովքեր անարգում ու չեն պատվում Տիրոջ խաչը:

Ժողովուրդը Խաչվերացին կատարում է անթիվ ուխտագնացություններ: Որոշ բնակավայրերում մարդիկ իրենց ձեռքերով խաչեր են պատրաստում և զարդարում գույնզգույն ծաղիկներով, հատկապես ռեհանով: Ժողովուրդը ռեհանն է համարում խաչի ծաղիկ:

Ընդհանուր առմամբ` Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում: Ժողովրդական ավանդության համաձայն, ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքն է, առանց որի տոնը լիարժեք չի կարող լինել:

Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը»  ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները` «Խաչ, վերմակը առ, ներս փախիր»,- այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում:

ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ և ԱՆԴԱՍՏԱՆԻԿԱՐԳՈՎ

ԽԱՉՎԵՐԱՑ. ՏՈՆԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ  ԽԱՉԻ ԹԱՓՈՐՈՎ ԵՎ ԱՆԴԱՍՏԱՆԻ ԿԱՐԳՈՎ

Ի հիշատակ խաչի այս գերեդարձի՝ եկեղեցում կատարվում է խաչի թափոր: Ռեհանով զարդարված խաչը թափորով պտտեցնելը համարվում է հիշողությունը Խաչափայտի՝ Հայկական լեռնաշխարհի ծաղկավետ վայրերով հանդիսավորությամբ տարվելուն:

Հայոց Եկեղեցու ամենօրյա արարողությունների Ճաշոց գրքում տոնի արարողության մասին ասվում է.

«Իսկ յառաջ քան զերեկոյեան ժամն՝ դիցեն արծաթի սկտեղբ զՍուրբ Խաչն (որ ունի զմզսն ինչ ի Խաչափայտէն) ի սարկաւագատունն և զարդարեսցեն զնա ռեհանով և վարդեղէն ջրով և ծածկեսցեն պատուական կտաւով: Եւ յիններորդ ժամուն ժողովեսցեն յեկեղեցին և նախ՝ զհսարակաց կարգն կատարեսցեն» (Ճաշոց գիրք Հայաստանեայց եկեղեցւոյ, Վաղարշապատ, 1872, էջ 632):

Ահա այսպես Ս. Խաչը դնում են արծաթե սկուտեղի վրա, զարդարում են ռեհանով և վարդաջրով ու

ԱՎԵԼԻՆ

Օգոստոսի 18-ին Սուրբ Աստվածածնի Վերափոխման /Խաղողօրհնեք/ տոնն է


Օգոստոսի 18-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնելու է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և կատարվում է օգոստոսի 15-ի մոտակա կիրակի օրը: Աստվածամոր կյանքի նկարագրությունը, բացի ավետարանական մի քանի պատմություններից, մեզ է հասել եկեղեցու ավանդությամբ:

Հայ Եկեղեցու սրբերի շարքում առանձնակի դերակատարություն ունի Սբ. Տիրամայրը` որպես առաքինի, գթառատ մոր, սիրո ու հավատի մարմնացում ու նաև Աստծո և արարածների միջև անկրկնելի բարեխոս:

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձումից հետո մոտ 15 տարի նա ապրեց Հովհաննես առաքյալի խնամատարության տակ: Գողգոթա կատարած իր այցելություններից մեկի ժամանակ Տիրամոր առջև  հայտնվում է Գաբրիել հրեշտակը, ով տարիներ առաջ ավետել էր Հիսուսի ծննդյան մասին: Իսկ այժմ եկել էր հայտնելու, որ շուտով կավարտվի նրա երկրային կյանքը: Լսելով այդ մասին` Տիրամայրը վերջին անգամ ելնում է Ձիթենյաց լեռը` աղոթելու, ապա վերադառնում տուն: Առաքյալները գալիս են Մարիամին հրաժեշտ տալու, որոնց ներկայությամբ էլ նա հոգին ավանդում է:

Թաղմանը չի մասնակցում միայն հայոց առաքյալը` Բարդուղիմեոսը, ով բացակայում էր Երուսաղեմից: Իմանալով Աստվածամոր վախճանի մասին` նա շտապում է Երուսաղեմ և այցելում գերեզման, որպեսզի  վերջին անգամ տեսնի և իր որդիական սերն ու հարգանքը մատուցի Տիրամորը: Երբ աշակերտները գլորում են գերեզմանի քարը` Սբ. Կույսի մարմինն այնտեղ չի լինում: Այդ պահին երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է, թե Աստվածածնի մարմինը երկինք փոխադրվեց: Ձայնը պատվիրում է, որ Սբ. Կույսի կենդանագիր պատկերը Բարդուղիմեոսին հանձնեն, որպեսզի նրանով մխիթարվի և տանի այն երկիրը, ուր պիտի գնար քարոզելու:

Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է  (Խաղողօրհնեք)

Ըստ ավանդության` Բարդուղիմեոսը Տիրամոր պատկերը բերում է Հայաստան և զետեղում Անձևացյաց գավառի Դարբնոց քար կոչվող վայրում:

Այստեղ հետագայում Սբ. Աստվածածնի անունով եկեղեցի է կառուցվում: Աստվածամոր  երկրավոր  կյանքի վախճանը «ննջում» է անվանվում՝  հասկանալի դարձնելու համար նրա երկինք փոխադրված լինելը:

Եկեղեցու հայրերը, հաստատելով Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը, սկզբնական շրջանում՝ 5-րդ դարում, այն տոնել են Երուսաղեմում: Հետագայում տոնակատարության վայրը փոխադրվել է Գեթսեման, այն վայրը, ուր գտնվում էր Աստվածածնի գերեզմանը:

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Ավելին

Վաղը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն է


Վաղը մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնն է

Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Պետրոս, Հակոբոս և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է՝ «դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ`ինչպես լույսը» (Մատթեոս 17.2, Մարկոս 9.2, Ղուկաս 9.29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Եղիա մարգարեի հետ:

Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9.31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապե՛տ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրա՛ն լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ մեկի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:

ավելին

Նշվեց Կաթողիկե Ս. Էջմիածնի տոնը


Հունիսի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը:
Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, գլխավորությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ս. Պատարագի արարողությանը ներկա էին հայաստանյան թեմերի առաջնորդները, Մայր Աթոռի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսները, այս օրերին Սուրբ Էջմիածնում գումարված միաբանական հավաքի մասնակիցները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, Հայ Եկեղեցու բարերարներ, Սփյուռքից ու Հայաստանի տարբեր համայնքներից ժամանած բազմաթիվ ուխտավորներ:

Ս. Պատարագի ընթացքում «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո Սուրբ Խորան բարձրացվեց և Մուշեղ Սրբազանի կողմից ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական սրբատառ կոնդակը Մայր Տաճարի հիմնանորոգությանն ու բարեզարդ պահպանությանն ի նպաստ կազմակերպվող համազգային հանգանակության առիթով: 
Կոնդակում մասնավորապես ասված է.

ԳԱՐԵԳԻՆ Բ ԾԱՌԱՅ ՅԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ
ՈՂՈՐՄՈՒԹԵԱՄԲՆ ԱՍՏՈՒԾՈՅ ԵՒ ԿԱՄՕՔՆ ԱԶԳԻՍ
ԵՊԻՍԿՈՊՈՍԱՊԵՏ ԵՒ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ,
ԾԱՅՐԱԳՈՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ՀԱՄԱԶԳԱԿԱՆ ՆԱԽԱՄԵԾԱՐ ԱԹՈՌՈՅ ԱՐԱՐԱՏԵԱՆ
ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՒՈՅ ՍՐԲՈՅ ԿԱԹՈՒՂԻԿԷ ԷՋՄԻԱԾՆԻ
ՔՐԻՍՏՈՍԱՒԱՆԴ ՍԻՐՈՅ ՈՂՋՈՅՆ ԵՒ ՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ
ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԵԱՆ, ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆՑ ՀԱՅՈՑ
ՍՐԲՈՅ ԵՐՈՒՍԱՂԻՄԱՅ ԵՒ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍՈՅ, ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՎԱՐԴԱՊԵՏԱՑ, ՔԱՀԱՆԱՅԻՑ ԵՒ ՍԱՐԿԱՒԱԳԱՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆԱԿԱՆ ԺՈՂՈՎՈՑ, ԹԵՄԱԿԱՆ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴՈՑ ԵՒ ՊԱՇՏՕՆԷԻՑ ԵՒ ՍԻՐԵՑԵԱԼ ՀԱՄԱՅՆ ՀԱՒԱՏԱՑԵԱԼ ԺՈՂՈՎՐԴԵԱՆ ՀԱՅՈՑ

«Եկայք շինեսցուք սուրբ զխորանն լուսոյ»
(Շարական):

ավելին