ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ


ՎԿԱՅԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Ս. ՍԱՐԳԻՍ ԶՈՐԱՎԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՈՐԴՈՒ, ՈՐԻ ԱՆՈՒՆՆ Է ՄԱՐՏԻՐՈՍ

Վարքի սկզբում ասվում է, որ Կոստանդիանոս կայսրի քրիստոնեություն ընդունելուց հետո մեհյանների դիվաձույլ պատկերներն սկսեցին խորտակել, և Քրիստոսի պայծառացյալ եկեղեցիներն սկսեցին լուսավորել աշխարհը, որով հեթանոսական կռամոլության պաշտամունքը հալածվեց: Նույն այս ժամանակ Կապադովկացվոց աշխարհում որպես մի պայծառ աստղ է ծագում բարեպաշտությամբ և հավատով լեցուն Սարգիս զորականը, ով կայսեր հրամանով Կապադովկիայում գտնվող բյուզանդական զորքերի հրամանատարն էր և գերազանցում էր իր ժամանակի մյուս զինվորականներին քաջությամբ և ռազմական արվեստով: Նրա հռչակը հասնում է կայսրին, և վերջինս Սարգսին տալիս է ստրատելատի աստիճան:

Սարգիս զորավարը, շրջելով իր հրամանատարությանը հանձնված տարածքներում, արմատախիլ էր անում կռապաշտության մոլությունը և տարածում քրիստոնեությունը՝քանդելով մեհյանները և դրանց տեղը եկեղեցիներ կառուցելով:

Սակայն Կոստանդիանոս Մեծից և նրա որդիներից հետո, երբ գահ է բարձրանում Հուլիանոս Ուրացողը՝ մի նոր հալածանք սկսելով քրիստոնեության դեմ, այդ ժամանակ գլուխ են բարձրացնում և նախկին այն կռապաշտները, ովքեր ծածուկ պաշտում էին կուռքերին: Ոգևորված Հուլիանոսի ծավալած հալածանքներով՝ նրանք ևս կայսրության տարածքում սկսում են հալածել քրիստոնյաներին:

Այս ամենը տեսնելով՝ Սարգիս զորավարը մտատանջության մեջ է ընկնում, թե ինչպես վարվի: Այդժամ տեսիլում նրան է երևում Հիսուս և ասում, թե արդ, ժամանակն է, որ դու հեռանաս այստեղից և Աբրահամ նահապետի նման գնաս այն աշխարհը, որը քեզ ցույց կտամ, և այդ երկրում քեզ է սպասում նահատակության պսակը:

Այդ ժամանակ Հուլիանոսը պատրաստվում է արշավել Պարսկաստան, քանի որ նրա գուշակներն ասել էին, թե ինքը Ալեքսանդր Մակեդոնացու նման կտիրի ողջ աշխարհին:

Նույն այդ ժամանակ Սարգիս զորավարը որոշում է հեռանալ և գնալ այլ երկիր՝ ասելով, թե հասել է հեռանալու մասին տեսիլում ասված ժամանակը: Ահա այսպես, թողնելով իշխանական պատիվները և ունեցվածքը բաժանելով աղքատներին ու վերցնելով Մարտիրոս որդուն, ճանապարհ է ընկնում Հայոց աշխարհ, ուր այդ ժամանակ թագավորում էր Տրդատ Մեծի որդու՝ Խոսրովի որդի Տիրանը: Վերջինս Սարգիս զորավարին ընդունում է մեծ պատվով և ապաստան տալիս, իսկ Հուլիանոս Ուրացողը Պարսկաստանի վրա հարձակվելու համար գալիս էարևելք՝ դեպ Ասորիք, և ճանապարհին նահատակում բազմաթիվ քրիստոնյաների: Հալածանքների այս լուրը տարածվում է, որից սարսափահար մարդիկ, տարբեր կողմեր փախչելով, մի ապահով ապաստան են որոնում: Continue reading

Այսօր Ս. Առաքյալների և մեր առաջին լուսավորիչներ Թադեոսի և Բարդուղիմեոսի հիշատակության օրն է


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Հեռու վանեք ձեզանից հին մարդուն…,

նորոգվեք ձեր մտքով ու հոգով եւ հագե΄ք

նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու`

արդարությամբ եւ ճշմարիտ սրբությամբ»

(Եփես., 4, 22-25):

Պողոս առաքյալի` եփեսացիների ուղղված նամակի այն տողերը բնութագրում են քրիստոնյա մարդուն որպես մտավոր եւ հոգեւոր ներդաշնակությամբ օժտված անհատականություն: Այս լուսավոր պատգամը խորհրդանշորեն պայծառակերպում է այսօրվա` Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներին նվիրված տոնի իմաստը, որովհետև նրանք էին Հիսուսի խոսքի առաջին տարածողները և նրա Եկեղեցու հիմնադիրները Հայաստանում: Այս տոնը մեծ ակնածանքով ու փառաբանությամբ է ոգեկոչում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, որի հենասյուները հանդիսացան սրբացած այս առաքյալները:

Իմ նպատակն այսօր ոչ միայն ներկայացնելն է պատմական այն ժամանակաշրջանը, բազում դժվարությունները, երբ և որոնց պայմաններում իրենց առաքելությունն իրականացրեցին աստվածային նախախնամության կամքով Հայսատան եկած առաքյալները, այլ նաև անդրադառնալը այն մեծ արժեքին, ազգապահպան բացառիկ դերին, որ ունեցավ և ունի այդ առաքելությունը: Նրա դերը բացառիկ է նաև 1700-ամյա քրիստոնեական պատմություն ունեցող այսօրվա Հայաստանի գոյատևության համար:

Իսկ ովքե՞ր էին Ս. Թադեոսը և Ս. Բարդուղիմեոսը: Նրանք Հիսուսի ընտրած 12 առաքյալներից էին, որոնք տարածելու էին աստվածային սիրո լույսն աշխարհում: Նրանք և մյուս առաքյալները սրբակենցաղ անձինք էին, Տիրոջ կողմից ընտրված անձինք, որոնք նրա խոսքի պատգամախոսները պիտի դառնային:

Առաքյալները, ընդհանրապես, հոգևոր մեծ ներուժի ու ներաշխարհի տեր, ինչպես նաև իրենց կոչման կարևորության գիտակցությամբ օժտված, զոհաբերության ոգով ապրող և գործող նվիրյալներ էին: Ոգեղեն այդ հատկանիշներն էին զարդարում նաև Ս. Թադեոսին և Ս. Բարդուղիմեոսին: Դրա վկայությունը նրանց գործունեությունն էր Հայաստանում, իսկ այդ գործունեությունն աստվածահաճո էր, բայց ոչ բնավ` դյուրին: Այսօր ընթերցված Մատթեոսի ավետարանից տեղեկանում ենք, թե ինչպես Հիսուս, մի օր տեսնելով իրեն շրջապատող բազմությունը, ասաց իր աշակերտներին. «Հունձքն առատ է, իսկ մշակները` սակավ: Արդաղաչեցեք  հնձի տիրոջը,  որ մշակներ հանի իր հնձի համար» /Մատթ., 9, 37-38/: Նա իր ընտրած 12 առաքյալներին պիղծ դևեր հանելու և ամեն ցավ ու հիվանդություն բժշկելու կարողություն տվեց և հետագայում 72 առաքյալներ ևս ընտրեց, որոնց ուղարկելու էր «որպես ոչխարներ գայլերի մեջ»:

Նա իր բոլոր առաքյալներին այս պատգամը տվեց. «Ինչպես Հայրն ինձ ուղարկեց, Ես էլ ձեզ եմ ուղարկում: Գնացե΄քուրեմն  աշակերտ դարձե΄ք բոլոր ազգերին» /Մատթ. 28, 18-20/: Նրանցից Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները բռնեցին իրենց դժվարագույն առաքելության ուղին` դեպի հեթանոս կռապաշտության խավարի մեջ մթագնած Հայաստան աշխարհ: Եդեսիա գնալուց և Աբգար թագավորին բժշկելուց հետո Ս. Թադեոսը եկավ և իր քարոզչությունը սկսեց բուն Հայաստանում: Նա անցավ Արտազ գավառի Շավարշավան քաղաքը, ուր դարձի բերեց շատերին, այդ թվում նաև արքայադստերը` Սանդուխտ կույսին: Այս ամենից զայրացած հայոց Սանատրուկ թագավորը պահանջեց բազում տանջանքների ենթարկել առաքյալին և նորադարձներին, որպեսզի ուրանան Քրիստոսին: Սակայն նրանք չհրաժարվեցին Ճշմարիտ լույսից ու նահատակվեցին: Continue reading

ՏՈՆ ԿԱԹՈՂԻԿԵ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն ՍրբոյԱմէն:

«Որովհետև ոչ ոք չի կարող դնել ուրիշ հիմք,

քան այն հիմքը, որ Հիսուս Քրիստոսն է»:

Սրբազան առաքյալի քարոզած այս լուսավառ Հիմքն է` անսասան Պատվանդանը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի: Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնարկեքի այս ավետիսը` խորհրդանիշ տոնն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու: Սուրբ Էջմիածինը` Աստվածային Հայտնությամբ պայծառակերպված Աստուծո տան հիմնադրությունն է մեր նշխար հողի վրա: Այն Խոր Վիրապում անպատմելի տառապանքներ կրած Սուրբ Լուսավորչի  տեսիլքի իրականացումն է, տեսի’լք, որին արժանացրել էր Արարիչը Իր մշտակա ներկայությամբ և զորությամբ, տեսի’լք, որ փոխանցել էին իրեն Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները, տեսի’լք, որ իրագործվեց Աստվածային նախախնամ լույսով. «Էջ Միածինն ի Հօրէ և լոյս փառաց ընդ նմա… », և կերտվեց մեր լուսո Սբ. Խորանը. «Եկայք շինեսցուք Սուրբ զխորանն լուսոյ »: Ահա այս Աստվածաէջ Սբ. Խորանից լուսավորվելով մեր ազգը` դարձավ ճշմարիտ Աստուծո ուխտյալ ժողովուրդ և վերափոխվեց` դառնալով խաչակիր ժողովրդի: Այս պահից է, որ մեր ժողովուրդը ուխտեց ապրել Աստվածային պատվիրաններով ու քրիստոնեական առաքինություններով, մեզ հայտնված բարձրագույն կյանքի չափանիշներով: Այս մեծագույն առաքելությամբ է մեր Սբ. Եկեղեցին առաջնորդել մեզ իր հիմնադրման օրից, անխափան շարունակում է այն այսօր և շարունակելու է իր Աստվածային և ազգապահպան այս առաքելությունը Continue reading

ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԵԼՔԸ ՎԻՐԱՊԻՑ


ՓՐԿՈՒԹՅԱՆ ՎԻՐԱՊԸ

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Այսօր ժողովուրդք Հայաստանեայց

աշակերտեալք ճշմարտութեան ի ձեռն

սրբոյն Գրիգորի, օրհնեցէք զլոյսն

 անսկիզբն բարձր արարեք զնա յաւիտեան»:

(Շարակնոց)

 

Քրիստոնեական լույսի փառաբանության օրն է այսօր, որ Խոր Վիրապում 13 տարի անպատմելի տառապանքներ կրած եւ աստվածային զորակցությամբ ողջ մնացած Սուրբ Գրիգոր Լուսավորչի այնտեղից ելնելու օրից  տարածվեց մեր ժողովրդի սրտերի և հոգիներ մեջ: Եվ մենք դարձանք նախաշնորհյալ այն ազգը, որ աշխարհոմ առաջինը պետականորեն ընդունեց քրիստոնեական կրոնը: Քրիստոնեական լույս գաղափարախոսությամբ շաղախված մեր արիական հոգին, սիրտն ու միտքը այդուհետ ընդմիշտ Տիրոջ հետ է: Այս տեսիլքը, այս երազը ուներ դեռևս օձերի և կարիճների ընկերակցությամբ, մութ վիրապի մեջ տառապող Սուրբ Գրիգորը, ինչպես նշում են մեր պատմիչները, և ինչպես նկարագրում է շարականագիրը. «Պարակից հոգեղինաց երկնային զօրացն սրբափայլ զգեստցինք Տէր Գրիգորիոս, ի Խոր վիրապին, իջեր, ի տղմին ի մէջ դառնաշունչ օձիցն, զի փրկեսցես զմեզ ի չար վիշապեն»: Նա «ջերմեռանդ աղոթքներով և հոգևոր սիրով» էր վերցրել իր խաչը: Ագաթանգեղոսը վկայում է, թե ինչպես էր նրա` Աստծու հետ հարատև հաղորդակից հոգին մրմնջում. «Շնորհներ տուր ինձ, Տեր, համբերելու այս դառը տանջանքները»: Նա հոգեկան խանդավառության մեջ էր չարչարանաց վիհում, քանզի, ինչպես առաքյալն էր ասում, նմանվում էր իր Տիրոջը. «Ես Քրիստոսի չարչարանքները իմ մարմնում եմ կրում»:

Պատմական փաստերի մեջ չխորանալով, հիշատակեմ, որ Տրդատ Մեծ արքան, Գրիգորին, որը հրաժարվել էր երկրպագել բագիններին, բազում կտտանքներից հետո նետել էր մահապարտերի գուբը` Խոր Վիրապ կոչվող վայրը, որպեսզի այնտեղ էլ նա, տաժանակիր կյանքով ապրելով, հոգին ավանդի: Այդ ընթացքում արքայի ձեռքով մարտիրոսվել էին Սուրբ Գայանյանք, ապա արքան հիվանդացել էր: Նրան միայն Գրիգորը կարող է փրկել, կարծում էր արքայի քույրը` Խոսրովիդուխտը:

Անցել էր 13 տարի: Երբ ծառաները եկան գուբի մոտ, ուր Լուսավորիչն էր, ի զարմանս բոլորի, տեսան, որ նա ողջ է: Լուսավորչին ազատեցին բանտից և տարան արքայի Continue reading

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ


 Յանուն Հօր եւ Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

 

«…Երուսաղեմից չմեկնեն, այլ սպասեն
Հոր խոստմանը, որն ասաց. « Դուք ինձանից լսեցիք,
որովհետև Հովհաննեսը իսկապես մկրտեց ջրով,
բայց դուք մոտ օրերս մկրտվելու եք Սուրբ Հոգով»:

(Գործք1:4-5)

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏՀամբարձումից առաջ Տերը այս պատգամն ավանդեց իր աշակերտներին և հավաստիացրեց նրանց, որ զորություն են ստանալու, երբ Սուրբ Հոգին իջնի իրենց վրա և որ իրենք լինելու են վկաները և′ Երուսաղեմում, և′ Հրեաստանում, և′ ողջ աշխարհում:

Եվ Պենտեկոստեի տոնը, որը հրեաների մեծ տոներից մեկն էր, համընկավ Հիսուսի հարության 50-րդ  օրվան: Առաքյալներն ու իրենց հավատացյալ ընկերները, թվով շուրջ 120 հոգի մեկտեղ, միասիրտ հավաքվել էին վերնատուն  կոչ­վող վայրում եւ սպասում էին մխիթարիչ Սուրբ Հոգուն։ Հանկարծ երկնքից ձայն լսվեց, ինչպես հողմի շառաչ եւ լցրեց ողջ վերնատունը։ Հավաքվածների վրա հայտնվեցին հրեղեն լեզուներ, ու նրանք լցվեցին Սուրբ Հոգով եւ սկսեցին խոսել տարբեր լեզուներով, ինչպես որ Հոգին թելադրում էր նրանց։ Այդ օրերին Երու­սաղեմում հոծ բազմություն կար հավաքված, եւ բոլորն էլ զարմացած էին այս հրաշքով։ Ոմանք հիանում եւ հավատում էին այս երեւույթի՝ հրաշքի, Աստծուց առաքված լինելու իրողությանը, ոմանք էլ այն վերագրում էին աշակերտների գինովությանը։ Սակայն Պետրոս աոաքյալը ժխտեց գինովության մեղադրանքը եւ բացատրեց, որ այս հրաշք երեւույթը Հովելի մարգարեության իրականացումն է, որի բերանով Աստված ասել էր. «Եվ պիտի լինի սրանից հետո, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վրա…»։ Պետրոս առաքյալը հրաշքից երկյուղած եւ զարմացած բազմությանը կոչ արեց փրկության համար ապաշխարել եւ մկրտվել Հիսուս Քրիստոսի անունով։ Հազարավոր մարդիկ այդ օրը դարձի գալով՝ մկր­տվեցին եւ հաստատ հավատով հետեւեցին առաքյալների ուսուցումներին։ Հի­սուսի առաքյալներն ու այս նորադարձները դարձան Տիրոջ աոաջին՝ Երուսաղեմի եկեղեցու հավատացյալներն ու սպասավորները, որոնք, Սուրբ Հոգով լցված, համարձակությամբ Աստծու խոսքն էին քարոզում։ Մեր պատրիարքներից մեկն այս առիթով գրում է. «Սուրբ Հոգիին ներկայությունը իրեն սպասող առաքեալներու մեջ, ոչ միայն միացման կենդանի օղակը եղավ զանոնք իրարու միացնող, այլ նաեւ զիրենք բոլորը հանձնեց այն սկզբունքի մեջ, որ կյանքի գերագույն սկզբունքն է։ Սուրբ Հոգիին մեջ առաքյալները, իսկ իրենցմով բովանդակ եկեղեցին կը միանար ու կեղբայրանար, կը զօրանար ու կը միաձուլվեր, այն մեծ սկզբուն­քին մէջ, որ կյանքն է, ընկերության եւ հետեւաբար Աստուծո»։ Continue reading