ԱՊՐԻԼԻ 24


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են

սպանում,բայց հոգին սպանել չեն կարող»:

(Մատթ. 10:28)

Ավետարանական այս պատգամը թող խորհուրդը լինի այսօրվա՝ Ապրիլի 24-ի, հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա: Այսօր, նահատակաց հիշա­տակի ոգեկոչման այս սրբազան պահին, ազգովի խոնարհվենք նրանց անշիջելի հիշատակի առջեւ, տխրության ողբն ու աղաղակը վերափոխենք մխիթարու­թյան, որովհետեւ մեռան նրանց մարմինները, իսկ հոգիներն ապրում են հավեր­ժության մեջ: Այդ հոգիներն այսօր էլ մեզ հետ են, մեր մեջ, մեր կողքին: Եվ  չմոռանանք երբեք՝ «Արիւն մարտիրոսաց, սերմն քրիստոնեից»:

Ովքե՞ր էին նրանք, 1915-ի ցեղասպանության զոհերը: Նրանք մեր դրախ­տային պատմական հայրենիքում ապրող հայերն էին, որոնց երազները նման էին ապրիլյան ծաղկած այն ծառին, որն այդպես էլ, ծաղիկներով հանդերձված, այր­վեց: Նրանք հայրենիք ունեին, ուր ինչպես վաղամեռիկ բանաստեղծն էր երգում «Հոգիներուն կիջներ երազ մը բուրյան», ունեին օջախ, ունեին երգ՝ կոմիտասյան անլռելի երգ, որի ելեւէջներում իրենց շիտակ ու աստվածավախ կյանքի հմայքը կար: Նրանք՝ պարզ շինական, թե մտավորական, ապրում էին արարելով, վաս­տակելով հացն իրենց հանապազօր, մեկն իր ցորնաբույր ձեռքերի զորությամբ, մյուսն իր մտքի ուժով: Բայց այդ ժողովրդին վիճակված էր խաչի մի երկար ճա­նապարհ: Նրա կյանքի ուղին նման էր իր Տիրոջ կյանքին, եւ նա քայլեց այդ ուղիով դեպի Գողգոթա: Այն տեղահանությունների, սովի, ցավի, տառապանքի եւ վերջապես զոհաբերության ճանապարհն էր, զոհաբերության՝ «վասն հաւատոյ, վասն հայրենեաց»: Դա այն ճանապարհն էր, որով քայլեցին մեր աստվածասեր ու հայրենասեր նախնիները՝ ապավինելով հոգու անմահության ճշմարիտ գաղափարին: Վկայակոչենք Վարդանանց, որոնց նահատակությունը նրանց դեպի անմահության աոաջնորդեց: Հեշենք, թե ինչպես Վարդան՝ սրբացած զորավարն հայոց, Ավարայրի ճակատամարտից առաջ դիմեց հայ ժողովրդին, ասելով, որ մենք, թեեւ մարմնով երկրի վրա ենք, բայց երկնքում է մեր հոգին, ուր ոչ ոք չի կարող մերձենալ Քրիստոսի անձեռակերտ այդ շինվածքին: Նա պատգամեց հաստատուն լինել մեր ամենավստահելի Զորագլխի հավատքի մեջ, որ բնավ չպիտի մոռանա նահատակվողներին:

Այո′, մեռնում է մարմինը եւ ոչ՝ հոգին, այս հավատը առաջնորդեց հայ ժո­ղովրդին իր Գողգոթայի ողջ ճանապարհին, ուր եղան նաեւ վերահառնումի հրա­շալի պահեր…

Հայոց Մեծ եղեռնը նախապատրաստվել էր տարիների ընթացքում: Մինչ այդ օսմանյան թուրքերը, որ արդեն ջարդերով ու տեղահանություններով փոր­ձությունների էին ենթարկել հայերին, համոզվել էին մեկընդմիշտ, որ անսասան է այդ ժողովրդի հավատի սյունը, որի վրա նրա հոգու խորանն է կառուցված: Ու­րիշ ճանապարհ չկար թուրքերի համար, բացի իր հավատին ու հողին ամուր փարված ժողովրդի արյունոտ կոտորածը: Սուլթան Համիդի հայահալած քաղաքականությունը շարունակեցին նրա արյունռուշտ հետնորդները՝ երիտթուրքերը, որոնք էլ իրագործեցին Մեծ եղեռնը:

Այսօր Մեծ եղեռնի մասին խոսելիս չենք ուզում հիշատակել միայն ցավն ու ողբերգությունը. դրանք ծրարել ենք մեր սրտի ամենախորունկ անկյունում: Այդ ողբերգությունը մենք տեսնում էինք, մեր հոգու աչքերով տեսնում էինք մինչեւ 1915-ի ապրիլի 24-ի այդ ահավոր օրը, տեսնում էինք իր ժողովրդի նահատա­կությունը կանխազգացող Սիամանթո նահատակ բանաստեղծի տեսիլքներով. «Փողոցներուն մեջ մորթված սերունդներ կը տեսնեմ, եւ ամբոխներ՝ անպատմելի սրածութենէ դարձող…»: Սակայն այդ տեսիլքներն անգամ անզոր էին կասեց­նելու հայ ժողովրդի արեւմտյան հատվածի հավաքական զոհաբերությունը, ազ­գովի զոհաբերությունը հանուն հավատի, ազգային ավանդների, հոգեւոր արժեք­ների…

Օտարների համար զարմանալի, բայց մեզ համար միանգամայն բնական էր, որ բնօրրանից կիզիչ անապատ քշված ժողովուրդը հետն ամենասրբազանն էր տարել, տարել էր իր աղոթքը, որ շուրթերին էր ընդմիշտ, տարել էր, որ դրա­նով խոսեր Տիրոջ հետ, նրան պատմեր իր ցավի, տառապանքի, կորուստների մա­սին, որովհետեւ միայն նրա սրբալույս աշխարհում ապրելու հույսին էր ապավի­նում: Նա սիրում էր Տիրոջն այնպես, ինչպես Հիսուս սիրեց իր Երկնավոր Հորն ու չենթարկվելով սատանային՝ ասաց. «Պիտի երկրպագես քո Տէր Աստծուն եւ մի­այն նրան պիտի պաշտես»: Աստծու հանդեպ ունեցած սիրո այս պատգամը Դեր Զորի արեւախանձ անապատում, զոհաբերությունից առաջ, ազգովի աղոթող հայ ժողովրդի շուրթին քանդակված մնաց, որ այսպես հասնի վերապրող սերունդնե­րին եւ նրանց եւս ճշմարիտ սիրո ճանապարհը մատնանշի:

Թուրք արյունարբու ամբոխին անհասկանալի ու խորթ էր զոհաբերությամբ, իր Փրկչի նման խաչի ճանապարհով քայլող ժողովրդի աղոթքը եւ Փրկչի պատ­գամը. «Ով հավատում է ինձ, թեպետ եւ մեռնի, կապրի»: Այո′, նա կապրի Աստ­ծու մաքուր ու անապական աշխարհում, ուր չկա սուտ, չկա կեղծիք, դավաճա­նություն, ուր աստվածային սերն է թագավորում: Այդ աշխարհում են բնակվում մեր մարտիրոսների ու նահատակների հոգիները, իրենց հայրենիքի ու եկեղեցու, իրենց հողի ու հավատի համար զոհաբերված հայերի անմեղ հոգիները: Հավա­տացեք, որ այնտեղ են բնակվում քաջակորով ու աստվածասեր Վարդանանք, Ղեւոնդյանք, Մուսա լեռան, Սարդարապատի, արցախյան հերոսամարտերի նա­հատակների հոգիները:

Այո′, հայ ժողովուրդը եղել է, կա ու կլինի, որովհետեւ անցել է բազում մրրկահողմերով, հասել է Գողգոթա, զոհաբերվել է ու հարության առել, իսկ հարու­թյան խորհուրդը անմահությունն է: Մենք իրավունք չունենք մեռնելու, մենք պի­տի ապրենք՝ վշտի մեջ անգամ ապրելու ուժ գտնելով, այստեղ պետք է որոնել նաեւ մեր գոյատեւության առեղծվածը: Վկաները մեր պատմության մատենագիր մատյաններն են, մեր այս օրն է, ամենայն  հայոց  բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հուսո կանթեղ հիշեցնող տողերն են.                                                                                     

Ու պիտի գա հանուր   կյանքի                         

Արշալույսը վառ հագած,

Հազա՜ր, հազա՜ր

Լուսապայծառ հոգիներով ճառագած…

Մենք ոչ միայն պիտի ապրենք ապրելու համար, այլ որովհետեւ մեռնելու իրավունք չունենք, որովհետեւ մենք ենք աշխարհի այն ժողովուրդը, որ արժա­նացել է Աստվածորդու էջքին իր հողի վրա՝ մեր հավատի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի փառավոր տեսիլքով: Աստված սիրում է մեզ, հավատանք այդ սի­րուն, փարվենք դրան, ապրենք այդ սիրով, եւ ոչ մի ուժ չի սասանի մեզ, ոչ մի մրրիկ չի տեղաշարժի մեզ: Continue reading

Advertisements