ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ


Յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ»:

(Ղուկաս 1:35)

Եվ աստվածային այս զորությամբ` Սուրբ Կույսից պիտի ծնվեր աշխարհի Փրկիչը: Ահա այս ավետիսն է տալիս Գաբրիել հրեշտակապետը Սուրբ Կույս Մարիամին, և այս հրաշալի իրողությանն է նվիրված Ավետման տոնը:

Մարիամ Աստվածածնի կյանքի մասին քիչ տեղեկություններ ունենք: Աստվածաշունչ մատյանից գիտենք, որ նա Աննայի և Հովակիմի դուստրն էր: Հայրը Դավիթ մարգարեի սերնդից էր, իսկ մայրը` ղևտացիների: Նրա ծնողներն արդեն շատ ծեր էին, բայց ամուլ էին, անզավակ: Հաճախ, պատմում է ավանդությունը, նրանք աղոթում էին Տիրոջը, որ զավակ ունենան: Աստված լսում է նրանց աղոթքը և պարգևում մի աղջիկ, որի անունը Մարիամ են դնում: Մարիամը մատաղ հասակից աչքի է ընկնում իր առաքինի վարք ու բարքով, խոնարհությամբ, իր հավատքով, Աստծու հանդեպ ունեցած նվիրումով: Այդ տարիքից նա ընծայվում է տաճարին, որից հետո նշանվում և ամուսնանում է Հովսեփի հետ: Նրանք ապրում էին Հրեաստանի Նազարեթ քաղաքում: Եվ ահա, երբ Մարիամն իր ամենօրյա աղոթքն էր առաքում Տիրոջը, Տիրոջ հրեշտակն այցելում է նրան և ավետում աշխարհի մխիթարության և հույսի, մարդկանց փրկության` Լույսի ծննդյան մասին, որ ինքը` Մարիամը պիտի աշխարհ բերեր, նա պիտի աստվածային սիրո սերմը կրեր իր մեջ և պտղաբերեր աստվածային գութի ծաղիկը: Ավետարանը նկարագրում է, որ Մարիամը նրան (հրեշտակին) տեսնելով, նրա խոսքերից շփոթվեց: Նա մտածեց` արդյոք ինքը արժանի˚ է այդ գերագույն պատվին, մի պահ թուլացավ, սակայն Արարիչ Աստված Մարիամին խորհելու ազատություն շնորհեց, որպեսզի ինքն իր նվիրական հավատով ընկալի աստվածային այս հրաշք եղելությունը: Ճիշտ է նկատել Լամարթինը. «Երկյուղածների ազատությունը ուժեղների փառքն է»:

Մարիամն իր բոլոր առաքինությունների հետ ունեցավ քաջություն` ընդունելու երկնային առաջարկը և մտովի մի պահ տեսավ ծնունդը, քարոզչությունը, չարչարանքները, խաչելությունն իր Զավակի: Մարիամն եղավ մայրը քրիստոնեության հիմնադրի և բնակարանը Աստծու: Աշխարհի փրկության աստվածային ծրագիրն իրականացավ Սուրբ Կույսի միջոցով:

 Դեռևս Հին ուխտում, Աստված մարգարեների միջոցով հայտնել էր, որ փրկիչ պիտի ուղարկի մեզ, իր որդին պիտի կատարելապես մարդանա մեզ համար, որը պիտի ծնվի մարդկանց դուստրերից` ամենաանաղարտից, ամենասուրբ մի կույսից, Սուրբ Հոգու զորությամբ: Սակայն, առանց Մարիամի ինքնանվեր ընծայման, առաքինի կենցաղի և քաջության պիտի չիրագործվեր աստվածային ծրագիրը: Դրա համար ենք փառաբանում նրան, այնպես, ինչպես ասվում է Աստվածածնին նվիրված տաղերից մեկում. «Հրեշտակների բոլոր դասերը քեզ գովաբանում են միշտ Սուրբ: Քո նման երջանիկ մայրը ոչ երկնքում կա, ոչ երկրում, որովհետև քեզնից ծնվեց Աստվածորդին, ո՜վ Սուրբ Կույս, անաղարտ մայր, գերազանց կույս, գովելի ես, գովելի»:

Կատարյալ մայր, կատարյալ կույս. ինչ ենք զգում այս բառերն արտասանելիս.

1. Մոր դերն անչափելի է սերունդների դաստիարակության գործում և վճռական, ահա այս հանգամանքով Մարիամը, համարվում է քրիստոնեական բարոյականության կրողն ու փոխանցողը սերունդներին: Ասված է. «Կինը իբրև մայր մշտնջենավորում է մարդկային ցեղը և իր շնչի տակ մեծացնում է ապագա մարդուն»: Մի խոսքով, կինը մայրությամբ վեր է բարձրանում ու պսակավորվում ծննդյան հրաշքի լուսե պսակով: Ահա թե ինչպես է բնորոշում այդ իրողությունը երջանկահիշատակ Վազգեն Ա Հայրապետը. «Կինը կզգա իր էության մեջ սարսուռը արարչագործության ու ծունկի եկած իր ծնած երեխայի առջև, կտեսնէ անոր մեջ պտուղը Աստուծո շնորհաբաշխ ուժին և տեսիլքը կունենա նմանվելու Հիսուս ծնող Սուրբ Կույսին»:

2. Մայրության կատարելատիպը լինելուց զատ, Սուրբ Մարիամը եղավ կնոջ հասարակական դերը բարձրացող անհատ: Քրիստոնեությունից առաջ կինը մարդուն հավասար չէր ընդունվում: Աթենքում և Հռոմում կինը ստրուկի էր նման, գերմանացիների նախնիները ծախում էին իրենց կանանց, ինչպես պատմում է Տակիտոս պատմիչը: Չինաստանում կանայք համարվում էին անհոգի: Հնդկաստանում կանանց ողջ-ողջ թաղում էին իրենց մեռած ամուսիների հետ: Այսպես` կինը հին աշխարհում բարոյական, կրոնական և իմաստասիրական հայեցակետով նկատվում էր իբրև առարկա, իբրև հասարակության չնչին, ստորին մասնիկը: Քրիստոնեությունը սրբագրեց այս հայեցակետը և բարձրացրեց կնոջ դերը` շեշտելով, որ եթե առաջին կնոջ` Եվայի միջոցով մեղքը աշխարհ մտավ, ապա նրա արմատից ծնված նոր Եվան` Սուրբ Կույս Մարիամը միջոց դարձավ մարդկանց փրկության, եղավ մեր Փրկչի մայրը: Մեղքը սկսվեց Եվայով, փրկության առաքելությունը` Սուրբ Մարիամով: Խավարի հրեշտակը խաբեց Եվային` ասելով, թե աստվածներ պիտի լինեք, եթե արգելված պտուղն ուտեք, իսկ լույսի հրեշտակը Սուրբ Կույսին ավետեց` ասելով. «Տերն ընդ քեզ է» (Ղուկաս 1:28):

Continue reading

Advertisements