«Նախրիխտենդինստ Օստլիխե Կիրխեն» շվեյցարական առցանց ամսագրի ծավալուն անդրադարձը Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի և կորոնավիրուսի դեմ իրականացվող համաժողովրդական պայքարին


Օրերս «Նախրիխտենդինստ Օստլիխե Կիրխեն» շվեյցարական առցանց ամսագիրը ծավալուն անդրադարձ է կատարել Հայաստանում հայտարարված արտակարգ իրավիճակի և կորոնավիրուսի դեմ իրականացվող համաժողովրդական պայքարին:

Հոդվածի նկարում Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ Արքեպիսկոպոս Սրբազանն ու Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանն են՝ կարտոֆիլի սերմացու բաշխելիս

Ամսագրի գլխավոր խմբագիրը Շտեֆան Կուբեյնն է։ Նա մասնագիտությամբ աստվածաբան է։ 5 տարի առաջ այցելել է Հայաստան։ Միջազգային լրագրողների կազմում Սբ. Էջմիածնում մասնակցել է Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությանը, այցելել է աղետի գոտի։

Պրն. Կուբեյնը  չափազանց հետաքրքրված  էր Հայաստանի ներկա վիճակով ու մասնավորապես, համաճարակի կասեցման գործընթացում նոր իշխանությունների և Հայ Առաքելական Եկեցու դերակատարությամբ։

Բացի այդ ամսագիրը, նպատակ ուներ Եվրոպայի գերմանախոս ընթերցողի համար անդրադարձ կատարելու այս տարվա ապրիլին «արտակարգ» պայմաններում կատարվող Մեծ եղեռնի հիշատակության միջոցառումների նոր ձևաչափին։

Հրապարակման նախապատրաստումը խմբագրության կողմից առաջարկվեց մեր հայրենակից, Աստվածաբանության դոկտոր Հարություն Հարությունյանին։

Դոկտոր Հարությունը ամիսներ առաջ է արևմտյան Եվրոպայից տեղափոխվել Հայաստան և այժմ անկախ փորձագիտական խորհրդատվություններ է իրականացնում Հայ առաքելական եկեղեցու Վայոց ձորի թեմում և «Սյունիք-Զարգացում» ՀԿ-ում՝ օժանդակելով մարզում նոր միջազգային զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

Դոկտ. Հ. Հարությունյանի՝ ապրիլի 30-ին լույս տեսած հոդվածի առաջին բաժինը նկարագրում է Հայաստանի ընդհանուր իրավիճակը՝ անկախացումից հետո առաջացած տնտեսական դժվարություններ, Արցախյան գոյամարտից հետո Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգության մարտահրավերներ, թուրքական հակապատմական ու մերժողական կեցվացք, սահմանների շրջափակում, ռեսուրսների սակավություն, ռուսական էներգետիկ աղբյուրներից կախվածություն, պարսկական ներմուծման  և վրացական միջանցիկ ուղու կենսական նշանակություն, ընդհանուր սոցիալական խնդիրներ։

«Դժվար է պատկերացնել, որ որևէ երկիր նման դրության մեջ կարող էր դեռևս ուժ գտնել իր մեջ՝ դիմակայելու կորոնավիրուսի ճգնաժամին։ Չնայած այս ամենին՝ Հայաստանի երիտասարդ կառավարությունն իր ծանրաբեռնված պետական մարմինների և սակավաթիվ  բուժանձնակազմի հետ միասին ձեռնարկեցին բոլոր անհրաժեշտ քայլերը երկրում կայուն վիճակի պահպանման ու ժողովրդի հետ մեկտեղ այս իրավիճակից հնարավորինս անվտանգ խուսանավելու համար»,- նշում է հոդվածի հեղինակը։

Կարդալ ավելին