ՆՈՐԱՎԱՆՔ


Նորավանքը գտնվում է Վայոց ձորի Ամաղու գյուղից 3 կմ հյուսիս-արևելք` Արփա գետի վտակի խոր կիրճի լանջին: Ըստ Ստեփանոս Օրբելյանի` այն հայտնի է եղել դեռևս վաղ միջնադարում, երբ այստեղ եղել է Սբ. Փոկաս եկեղեցին: Եկեղեցու բեմի տակից աղբյուր է բխել, որն ունեցել է բուժիչ հատկություն, շատ հրաշագործություններ են կատարվել, ու շատ հիվանդներ են բուժվել այդ ջրով: Աղբյուրի առկայությունը չի բացառում, որ այս տեղանքը սրբավայր է եղել նաև հեթանոսական ժամանակներում, երբ լայն տարածում ուներ ջրի պաշտամունքը:

9-րդ դարում այստեղ կառուցվում է Սբ. Կարապետ եկեղեցին: Այն գտնվում է վանքի հարավում: Այդ ժամանակ վանքը կոչվում էր Ավագ կամ Խորաձոր անապատ (Նորավանք է անվանվել 1221-ից): 10-րդ դ. եղել է գրչության կենտրոն:
1105-ին այստեղ են տեղափոխվում Վահանավանքի առաջնորդ Հովհաննես եպիսկոպոսը և իր եղբայր Համտուն իշխանը: Նրանք վանքի շրջակայքից հեռացնում են աշխարհականներին ու Նորավանքի տիրույթին նշանաքարեր դնում: Ստեփանոս եպիսկոպոսի օրոք`14-րդ դ. սկզբին, վանքը դառնում է Սյունիքի հոգևոր կենտրոնը:
1216-21-ին իշխան Լիպարիտ Օրբելյանը և Սարգիս եպիսկոպոսը կառուցում են Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցին: Սա ներքուստ խաչաձև, 4 անկյուններում երկհարկ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն եկեղեցի է: 1223-61-ին կառուցվել է եկեղեցու գավիթը` գոցվող թաղերով, ինչը եզակի է հայկական նմանատիպ կառույցների համար:

1261-ին Բուրթել իշխանը խաչքար է կանգնեցրել իր մոր` Թամթա խաթունի հիշատակին:
1273-ին Նորավանքում է թաղվել Թավրիզում վախճանված Իշխանաց իշխան Սմբատը, որի գերեզմանի վրա 1275-ին Տարսայիճ իշխանը ճարտարապետ Սիրանեսի ձեռքով կառուցում է Սբ. Գրիգոր եկեղեցիտապանատունը` Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցուն հյուսիսից կից:

1287-ին Սյունյաց իշխան դարձած Ստեփանոս Օրբելյանը Նորավանքում ավարտել է «Պատմություն նահանգին Սիսական» աշխատությունը, «Ողբ ի կաթողիկե» պոեմը, նրա պատվերով 1302-ին Մոմիկն ավետարան է նկարազարդել: Ստեփանոս Օրբելյանը թաղվել է վանքի գավթում: Նրան հաջորդած հորեղբոր` Լիպարիտ իշխանի որդի Հովհաննես Օրբելյանի պատվերով Մոմիկը 1321-ին կառուցել է Արենիի Սբ. Աստվածածինը, Նորավանքում խաչքար կերտել, ընդօրինակել բազմաթիվ ձեռագրեր: Սբ. Գրիգոր տապանատուն-եկեղեցում են թաղված նաև Էլիկում, Բուղդա իշխանները: Վանքի տարածքում է թաղված նաև Մոմիկը:
NoravanqՄոմիկը 1331-1339 թթ. Բուրթել իշխանի պատվերով կառուցում է Սբ. Աստվածածին երկհարկեռաստիճան եկեղեցին` Բուրթելաշենը: Այն կառուցված է բաց կարմրավուն քարից: Առաջին հարկը կիսագետնափոր է, արտաքուստ քառանկյունի, ներքուստ խաչաձև: Սա ծառայել է որպես դամբարանատեղի: Մուտքն արևմուտքից է, որն աստիճաններով տանում է դեպի ներքև: Այս մուտքի 2 կողմերից դեպի 2-րդ հարկ են տանում 13-ական քարե աստիճաններ, որոնք կառուցվելու ժամանակ ագուցված են պատի մեջ: Այս հարկը եկեղեցի է, ունի սեղան: Գմբեթը 1840 թ. երկրաշարժից փլվել է, սակայն այժմ վերանորոգված է: Այն սյունազարդ ռոտոնդայով է, որի սյուներին պատկերված են բարձրաքանդակներ: Նրանցից մեկի վրա երկար շորերով և գոտեկապ, թագազարդ մի տղամարդ է. դա եկեղեցին կառուցել տվող Բուրթել իշխանն է` եկեղեցու մանրակերտով, իսկ մյուսը Բեշքեն իշխանն է` պատկերված ողջ հասակով:
Արևելյան պատին Օրբելյան իշխանատան զինանշանն է` մագիլներում եղնիկ բռնած արծիվ:
Եկեղեցիները առանձնանում են իրենց բարձրաքանդակներով:
Նորավանքի Սբ. Ստեփանոս Նախավկա եկեղեցու գավթի մուտքի լուսամուտի բարավորին Հայր Աստծու պատկերաքանդակն է: Կենտրոնում Հայր Աստծո կիսանդրին է` մարդու կերպարանքով, տպավորիչ դիմագծերով, փառահեղ մորուքով, խոշոր, ձվաձև աչքերով, գանգուր մազերով: Աստծո նման պատկերաքանդակը աննախադեպ է, քանի որ Հայր Աստվածը միջնադարում պատկերվել է կամ երկնքից իջած աջ ձեռքի տեսքով, կամ լույսի տեսքով: Աստծո մորուքից ցած Սբ. Հոգին խորհրդանշող աղավնին է, որի կտուցը որպես Աստծո շունչ հպված է Աստծո ձախ ձեռքում գտնվող Ադամի շուրթերին (միայն գլուխն է պատկերված): Աջ կողմում` Հայր Աստծո օրհնող Աջի տակ, խաչված Քրիստոսն է, 2 կողքերին` Աստվածածինը և Հովհաննես ավետարանիչը: Ներքևում պառկած և ձեռքը դեպի «Խաչելությունը» ուղղած Դանիել մարգարեն է: Աստծուց ձախ սերովբե է պատկերված:

Սբ. Աստվածածնի ներքին հարկի ճակատաքարի վրա պատկերված է Աստվածամայրը` բազմած գահույքին, գրկին մանուկ Հիսուսը, կողքերին Գաբրիել և Միքայել հրեշ-տակապետներն են` կիսաբաց թևերով:

Վերին հարկի մուտքի ճակատաքարին պատկերված է Հիսուսը` ձախ ձեռքով կրծքին բռնած ավետարան, կողքերին` Պողոս և Պետրոս առաքյալները:
Բակում կարելի է հանդիպել Մոմիկի կերտած խաչքարերի, որոնք առանձնանում են ասեղնագործ նրբությամբ ու զարդաքանդակների ինքնատիպությամբ: Հիշարժան է Նորավանքում գտնվող նրա խաչքարը, որի ճակատը 2 գեղեցկորեն ձևավորված սյուներով բաժանվում է 3 մասի, կենտրոնում լրիվ խորան է, ուր գահույքին բազմած է Քրիստոսը, ձախ ձեռքով կրծքի վրա բռնել է Ավետարանը, կողքերին 2 կիսախորանների մեջ մեկական առաքյալներ են: Կենտրոնում խաչն է, տակին գունդ-վարդյակը. 2 շրջանակներին մոմաթերթի մանրությամբ ծակոտկեն ցանցապատ մակերեսի վրա 8-թևանի աստղեր են` յուրաքանչյուր շրջանակի մեջ 7 հատ: Քիվին եղել է 1-տողանի արձանագրություն, որը ջարդվել է: Տակին նույնպես կա արձանագրություն, որում ասվում է, որ խաչքարը պատվիրել է Թամթա խաթունը իր ամուսնու` Աթաբեկ Տարսայիճի հոգու փրկության և որդիներ Բուղդայի և Բուրթելի արևշատության համար խաչքար կերտելու: Այն Մոմիկն ավարտում է 1308 թվականին և ստորագրում. «Մոմիկ վարդպետ»: Continue reading

Advertisements