ՊԱՀՔ


Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. Ամէն:

«Աղաչեմ զքեզ Տէր  պարգեւեա ինձ

 ապաշխարութեամբ լուանալ զմէղս իմ

 եւ ողորմեա»:

(Շարական)

Թառաթումբի միջն. դպրոց. Ազիզյան ԱրտակՄեղանչական մարդու հոգուց պոռթկած առ Աստված ուղղված անկեղծ խոսքի, զգացումի, զղջման, ապաշխարության սրտաբուխ արտահայտություն են շարականի այս տողերը, որոնք հաշտության եզրեր են ստեղծում Աստծու եւ մարդու միջեւ ու որոնք իմաստավորում, մեկնում են պահեցողության ողջ խորհուրդը:

Ծոմապահությունը, որի ժամանակ չի թույլատրվում մարմինն ընդհանրապես սնել, հանդիսանում է պահեցողության ակունքն ու աղբյուրը: Իսկ պահեցողությամբ հավատացյալը զրկում է իրեն որոշ կերակուրներից եւ զերծ է մնում մարմնական կրքերից, ինչն օգնում է, հնարավորության սահմաններում, անարատ պահել եւ՛ հոգին, եւ՛ մարմինը՝ Աստծու հետ միանալու, կապվելու, հաղորդակցվելու համար: Հաճախ շատերը միայն որոշակի սնունդից եւ հաճույքներից հրաժարվելն են համարում ճշմարիտ պահեցողություն: Թերի է այս մտածողությունը, քանզի պահքը նախ եւ աոաջ ունի բարոյահոգեբանական մեծ իմաստ:

 Պահքն այն առիթն է, երբ մարդուն հնարավորություն է տրվում մտածել իր մեղքերի եւ մոլորությունների, ինչպես նաեւ դրանցից ազատվելու հնարավորության մասին: Պահքն առիթ է ցանկացած քրիստոնյայի համար վերանայելու իր անցած ճանապարհը, խորհելու, թե արդյոք ինքն ապրել է հավատարիմ քրիստոնեական սկզբունքներին ու առաքինություններին: Չէ՞ որ այս սկզբունքներով ապրելով է, որ անձը զորացնում է իր հոգեւոր-բարոյական նկարագիրը եւ վերածնվում է հոգեպես: Եվ ինչպես Պողոս Ադրիանապոլսեցի պատրիարքն է գրում. «… մարդը պետք է իրեն պահի ոչ միայն պարարտ կերակուրներից, այլեւ մեղքի ամեն պատճառից»:

Ճշմարիտ պահեցողը մաքուր պիտի պահի իր բոլոր զգայարանները: Բերանի լռությունը, ավելորդությունները չհոգալը, սիրտը, աչքերը, լսելիքը պիղծ խորհուրդներից ետ պահելը, չբամբասելը, հնազանդությամբ, արդարությամբ եւ խոնարհությամբ ապրելը, ողջ հոգով աղոթելը ճշմարիտ եւ Աստծու կողմից ընդունվող պահեցողության կարեւորագույն նախապայման են հանդիսանում: Մեր եկեղեցու իմաստնագույն հայրապետներից Սուրբ Հովհան Մանդակունին այսպես է բնութագրում պահքի կարեւորությունը. «Արդեն իսկ մարդուն ստեղծելիս, Աստված պահքի պնդությամբ պարսպեց մեր բնությունը եւ աոաջին մարդուն որպես  առաջին պատվիրան տվեց պահքի պնդությունը՝ չճաշակել բարու եւ չարի գիտության ծառից, քանզի եթե պահեիր պահքի պատվիրանը կժառանգեիր անախտ, անմահ եւ անմեղ կյանքն ու երկնային բարիքները, քանզի շատերը ովքեր պահեցին պահքի պնդությունը փրկվեցին բազում վշտերից եւ հանցանքներից»: Continue reading

Advertisements